Գարնանային նվերների 5 հետաքրքիր գաղափար

2023-09-09 02:41:08
Գարնանային նվերների 5 հետաքրքիր գաղափար

Գարնանային նվերների 5 հետաքրքիր գաղափար

Մոտենում են գարնանային տոները, իսկ պատրաստվել անհրաժեշտ է նախապես։ Նույնիսկ փոքրիկ նվերը կամ մեկ փունջ մանուշակը կարող է գարնանային պայծառ օրը դարձնել անչափ հաճելի և գունեղ։ Մի ամբողջ ամիս դառնալու  է կանանց տոն՝ մայրության, երիտասարդության, գեղեցկության ու սիրո մեկ ամիս։ Որպեսզի նվերի ընտրությունը նույնպես լինի հաճելի և արագ, առաջարկում ենք մի քանի հետաքրքիր գաղափար։

 1․ Քաղցրեղեն սիրում են բոլորը, անկախ տարիքից։ Իսկ գարնանն այն անհրաժեշտ է ուժ, եռանդ և պարզապես բարձր տրամադրություն ունենալու համար։ Սիրելիներին կարելի է նվիրել շոկոլադ, Ձեր ձեռքով պատրաստված փոքրիկ տորթ, անուշաբույր թխվածքաբլիթների տուփ։ Քաղցր գարնանային նվերը ավելի հաճելի է, երբ պատրաստում եք այն ինքներդ։ Վերցրեք սպիտակ տուփ, վրան փակցրեք կարմիր թղթե խաչ, լցրեք այն Ձեր սիրելի կոնֆետներով և դրաժեներով։ Գարնանային համեղ «Շտապ Օգնության» տուփը պատրաստ է։

2․ Մարդիկ բաժանվում են երկու տիպի՝ թեյի սիրահարներ, ի դեպ նրանք թեյ խմում են անկախ եղանակից, օրվա ժամից և գտնվելու վայրից, և սրճամոլներ, որոնց արթնանալու, աշխատելու և մտածելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ բաժակ սուրճ։ Թեյի սիրահարի նվերը ընտրելիս ի նկատի ունեցեք, որ գարնանը հաճելի է խմել ծաղիկներով համեմված թեթև կանաչ թեյեր, կամ ռոյբուշի բուրավետ խառնուրդներ (աֆրիկյան բույս, որն ունի թարմեցնող ազդեցություն)։ Սրճամոլի նվերը նույնպես կարող է հաճելի անակնկալ դառնալ, քանի որ այսօր մասնագիտացված սուրճի խանութները առաջարկում են ոչ միայն ավանդական արաբիկա, ռոբուստայի տեսակներ, այլև մրգային համերով կամ համեմունքներով սուրճեր։ 

3․ Առօրյա եռուզեռից կտրվելու և հանգիստը վայելելու լավագույն միջոց է սպա սրահի այցելությունը։ Ընդամենը մեկ ժամ և Դուք լի եք նոր ուժերով ու եռանդով։ Սպա սրահի ծառայության տեսակ ընտրելու փոխարեն կարող եք գնել պարզապես նվեր քարտ, իսկ ծառայությունը կընտրի Ձեր սիրելին։ Ի դեպ այսպիսի նվերը շատ հաճելի անակնկալ  կլինի նաև տղամարդկանց համար։

4․ Նվիրեք սիրելիներին արկածներով լի մեկ օր։ Միասին կարելի է գնալ արշավի, թռչել օդապարիկով, ճախրել պարապլանով կամ պարզապես այցելել ձիարշավարան։ Իսկ եթե նա էքստրիմի սիրահար չէ, կազմակերպեք կիրակնօրյա նախաճաշ բնության գրկում՝ քաղաքային այգիներից մեկում։ 

5․ Զարդերը հաճելի նվեր են անկախ եղանակից և տարիքից։ Գարնանը ընտրեք զարդեր համադրված նուրբ երանգներ ունեցող քարերի հետ։ Կարևոր է նաև նվերի փաթեթավորումը, որը կարող եք վստահել մասնագիտացված սրահներին կամ ինքներդ  ձևավորեք։ Ընտրեք տաք գունային երանգներ, համադրեք ծաղկային գույները կամ դարչնագույնի երանգները կանաչ ժապավենների հետ։


Եվ մի մոռացեք Ձեր սիրելիներին արևոտ ու պայծառ ժպիտ պարգևել ամեն օր։