Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր կենդանակերպի նշանների համար

2023-09-09 02:43:13
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր կենդանակերպի նշանների համար

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր կենդանակերպի նշանների համար

Դեռ հնուց իմաստունները գիտեին, որ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է՝ մարդը և համաստեղությունները, աստղերը և քարերը։ Մինչ այսօր էլ մարդիկ կրում են թալիսմաններ կամ ամուլետներ՝ իրենց հաջողությունը ուղղակիորեն կապելով տիեզերքի հետ։ Ի՞նչպես ընտրել հենց Ձեր քարը, որից պատրաստված զարդերը Ձեզ հաջողություն կբերեն։ Այս հարցի պատասխանը կարող են հուշել կենդանակերպի նշանները։

 

1․ Խոյ - Ադամանդ

Ադամանդը համարվում է սիրո, հաջողության և առողջության խորհրդանիշ։ Սակայն ըստ հին ասույթների այն իսկական երջանկություն կպարգևի միայն մաքուր հոգի ու սիրտ ունեցող մարդուն։ Եթե ադամանդը ձեռք է բերվել անարդար ճանապարհով, ապա նրա դրական էներգիան կմարի։ Դյուրագրգիռ Խոյին ադամանդը հանգստություն և հավասարակշռություն է պարգևում։

 

2․ Ցուլ - Զմրուխտ

Հին լեգենդներում զմրուխտը միշտ էլ կապել են սիրո աստվածուհի Վեներայի հետ։ Իսկ քարը խորհրդանշում է սեր և հավատարմություն։ Բնության սիրահար Ցուլին զմրուխտը տալիս է հոգեկան ներդաշնակություն և իմաստություն։

 

3․ Երկվորյակ - Մարգարիտ

Կենդանակերպի այս նշանին մարգարիտը կօգնի հեշտությամբ հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները։ Այն իսկական թալիսման կարող է դառնալ աշխատանքին և կարիերային նվիրված մարդկանց համար։ Նուրբ մարգարտյա զարդը լույս և ուրախություն կբերի Ձեզ։

 

4․ Խեցգետին - Սուտակ (Ռուբին)

Այս քարի դրական էներգիան կապված է արևի հետ։ Կարծիք կա, որ ռուբինով մատանին պահպանում ու կրկնապատկում է կենսական ուժն ու եռանդը։

 

5․ Առյուծ - Ցիտրին

Ասում են, թե ցիտրինի ոսկեգույն փայլը դրամ և հարստություն է բերում իր տիրոջը։ Առյուծին այն հստակ միտք և հաջողակ գաղափարներ է պարգևում։

 

6․ Կույս - Շափյուղա (Սապֆիր)

Սապֆիրի մաքուր փայլը հանգստացնում է զայրույթը և բացասական զգացմունքներից զերծ է պահում։ Իր երկնագույն երանգի պատճառով այն համարում են ճակատագրի քար։ Սապֆիրը խորհրդանշում է համեստություն և կանացիություն։

 

7․ Կշեռք - Օպալ (Ծիածանաքար)

Այս քարը օգնում է կշեռքին վերահսկել տրամադրության կտրուկ փոփոխությունները։ Օպալը առանձնանում է իր գունային երանգների բազմազանությամբ՝ մուգ կապույտից մինչև վառ արևային երանգներ։

 

8․ Կարիճ - Տոպազ

Տոպազը օգնում է տեսնել ու զգալ շրջապատող մարդկանց իրական մտքերն ու դեմքը։ Այն հեռու է պահում նախանձից և ինքնավստահություն է ներշնչում։

 

9․ Աղեղնավոր - Փիրուզ

Այս քարը հատկապես սիրված էր արևելյան երկրներում։ Մեզ մոտ Փիրուզ անունը մեծ տարածում է ունեցել դեռ հնուց։ Աղեղնավորին այն կօգնի ճիշտ որոշումներ կայացնել և խաղաղություն պահպանել ընտանիքում։

 

10․ Այծեղջյուր - Նռնաքար

Նռնաքարը խորհրդանշում է մաքուր զգացմունքներ, սեր, ինչպես նաև ընկերական կապվածություն։ Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում կրել նռնաքարե զարդեր հատկապես ընտանիքից հեռու գտնվելիս կամ ճամփորդելիս։

 

11․ Ջրհոս - Ամետիստ

Մանուշակի երանգներով այս քարը համարվում է հոգեկան հավասարակշռության գրավական և օգնում  է խուսափել անքնությունից։ Ջրհոսներին այն իմաստություն է պարգևում, իսկ համադրելով արծաթի հետ ամեթիստի դրական էներգիան կրկնապատկվում է։

 

12․ Ձկներ - Ակվամարին

Այս քարը ունի հանգստացնող ազդեցություն, ինչպես լեռնային պաղ ջուրը։ Կենդանակերպի այս նշանին այն հեռու է պահում բամբասանքից և բացասական մտքերից։

 

Բացի տիեզերական խորհրդավորությունը, այս քարերը պարզապես անչափ գեղեցիկ են։ Համադրելով ազնիվ մետաղների հետ նրանք զարդերին շլացնող փայլ են հաղորդում։